Հայաստանում Ավանի տաճարի կառուցմամբ ձևավորվեց նոր ճարտարապետական հորինվածք, որը հետագայում լայն տարածում գտավ ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում։ Այս հորինվածքը ստեղծվեց ճարտարապետական ձևերի զարգացման արդյունքում։
Հին տաճարները չունեին ավանդատներ, և առանձնացված սենյակների անհրաժեշտություն չկար։ Սակայն հետագայում եկեղեցական ծեսերը հարստացան և բարդացան։ Եկեղեցիները ձեռք բերեցին թանկարժեք սպասք, զգեստներ, ոսկե և արծաթե խաչեր, ասեղնագործ ծածկոցներ, մագաղաթյա ձեռագրեր և սրբերի մասունքներ։ Դրանց պահպանության համար կառուցվեցին հատուկ կից սենյակներ, որոնք կոչվեցին ավանդատներ։
Սկզբնական շրջանում ավանդատները կառուցվում էին եկեղեցու արևելյան մասում՝ գլխավոր խորանի հյուսիսային կամ հարավային կողմերում և հաճախ դուրս էին գալիս հիմնական ծավալից։ V դարից սկսած դրանք ներառվեցին եկեղեցիների ընդհանուր հորինվածքի մեջ։ Սակայն այդ շրջանում դեռևս մասամբ դուրս էին գալիս հիմնական պարագծից, ինչի հետևանքով արտաքին մասերում կառուցվում էին սյունաշարեր։
Զարգացման հաջորդ փուլում՝ VI–VII դարերում, ավանդատները լիովին ներառվեցին հորինվածքի քառակուսի ծավալի մեջ, որի արդյունքում եկեղեցու ներսում ձևավորվեց խաչաձև կառուցվածք։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց ներքին տարածքից վերացնել գմբեթը կրող ծանր սյուները։ Առաջին անգամ այս սկզբունքը կիրառվեց Ավանի տաճարում։
Ենթադրվում է, որ Հովհան Բագրանցի կաթողիկոսը եկեղեցին հիմնադրել է ոչ թե ամայի վայրում, այլ ավելի վաղ գոյություն ունեցած կառույցի տեղում։ Այդ մասին են վկայում հարավային պատի երկայնքով պահպանված եռաստիճան հարթակը և մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերված զարդաքանդակ բեկորները։
Տաճարը կառուցված է տեղական գորշ և կարմրավուն տուֆից՝ կրաշաղախով, եռաստիճան գետնաախարիսխի վրա։ Քարերը բերվել են Ավանի կիրճից՝ Գետառ գետի ձախ ափից։
Արտաքուստ Ավանի տաճարը ուղղանկյուն է՝ արևելք-արևմուտք ուղղությամբ թեթևակի ձգված։ Ներսից կառույցը խաչաձև է։
Չորս անկյուններում տեղադրված են չորս բոլորաձև ավանդատներ, որոնք գմբեթատակ տարածքին միանում են ¾ շրջանաձև նախամուտքերով։ Սա առաջին դեպքն է, երբ հանդիպում են բոլորաձև ավանդատներ. Ավանից հետո կառուցված նմանատիպ եկեղեցիներում դրանք արդեն ուղղանկյուն են։
Հորինվածքի կենտրոնում գտնվում է քառակուսի գմբեթատակ տարածքը (9.34մ), որին հիմնական առանցքներով կցված են չորս աբսիդներ, իսկ անկյունագծերով՝ շրջանաձև հիմքով որմնախորշեր։
Ավելի վաղ կառույցներում գմբեթը հենվում էր սյուների կամ մույթերի վրա, մինչդեռ Ավանի տաճարում այն հենված է կենտրոնական տարածքին միացող ավանդատների նախամուտքերի վրա։ Այս լուծման շնորհիվ ներքին սրահը դարձել է միասնական և չբաժանված։ Լույսը հասնում է սրահի բոլոր անկյուններին։
Ութանկյուն հիմքից շրջանաձև թմբուկին անցումը կատարված է առագաստային կամարների (pendentive) միջոցով։ Ավանդատներ տանող բացվածքների շինարարական լուծումը բավական յուրահատուկ է. միմյանց վրա դրված երեք հեծանների միջև մուտքի լայնությամբ թողնված են բեռնվածքը թեթևացնող բացվածքներ։
Ավանի տաճարը չունի արտաքին խորշեր, որոնք հետագայում լայն տարածում ստացան հայկական ճարտարապետության մեջ՝ զանգվածային պատերը թեթևացնելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, տաճարը, համեմատած նմանատիպ այլ հուշարձանների հետ, ավելի արխայիկ է և ունի VI դարին բնորոշ բազմաթիվ առանձնահատկություններ։ Կամարների պայտաձև կառուցվածքը, արևմտյան մուտքի հարդարանքը, ութանկյունից շրջանաձև թմբուկի անցման եղանակը, քիվերը և այլ մանրամասներ ավելի բնորոշ են V–VI դարերին և գրեթե կապ չունեն VII դարի ճարտարապետության հետ։